Արտյոմ Չայկան ներգրավված չէ փողերի լվացման մեջ. Շվեյցարիայի դատախազություն (լուսանկարներ)
Շվեյցարիայում ավարտվել է Ալեքսեյ Նավալնիի` փողերի լվացման գործով բողոքի քննությունը ընդդեմ Արտյոմ Չայկայի: Այս մասին «BBC»-ին հաղորդել է Շվեյցարիայի դատախազությունը:
Բողոքը ներկայացվել է 2015 թ-ի դեկտեմբերին այն բանից հետո, երբ հայտնվեց Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի ֆիլմ-հետաքննությունը Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և նրա մտերիմների, մասնավորապես որդու` Արտյոմի գործունեության մասին:
Շվեյցարիայում տեղեկությունների ստուգման արդյունքում չհայտնաբերվեցին փողերի լվացումը հաստատող փաստեր, որոնք կապված կլինեին Արտյոմ Չայկայի անվան հետ: Ուստի Շվեյցարիայի իշխանությունները նրա դեմ քրեական գործ չեն հարուցել:
Ալեքսեյ Նավալնին որոշակի հույսեր է կապում Շվեյցարիայում տեղի ունեցող հետաքննության հետ, որը նա անվանել է «էական փուլ» բարձրաստիճան ռուս պաշտոնյաների համար:
Ըստ Շվեյցարիայի դաշնային ոստիկանության գլխավոր դատախազի ցուցման` ստուգումներ են անցկացվել բոլոր այն անձանց շրջանում, ովքեր նշված են եղել բողոքի մեջ: Ստուգումների նպատակն է եղել բացահայտել հնարավոր ապօրինի գործունեությունը կամ դա ապացուցող փաստեր:
Փաստաթղում հիշատակվում էին ընկերություններ և բանկային հաշիվներ, որոնց հետ ենթադրաբար կապված էին ՌԴ գլխավոր դատախազի որդիները` Արտյոմն ու Իգոր Չայկաները, ինչպես նաև Ժնևյան լճի նրանց վիլլան:
Ստուգումների արդյունքում հաստատվել է նշված անձանց կապը նշված ընկերությունների հետ, սակայն չի հաջողվել գտնել փողերի լվացման մասին փաստեր: