ՆԱՏՕ-ի կործանիչները Կալինինգրադի ճանապարհին «ուղեկցել են» ՌԴ պաշտպանության նախարարին
ՆԱՏՕ-ի կործանիչները «ուղեկցել են» Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
Նախարարի ինքնաթիռը Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով թռել է ծովային ավիացիայի Սու-27 կործանիչների ուղեկցությամբ: Ռուսական ինքնաթիռներից 2 կիլոմետր հեռավորության վրա թռել են ՆԱՏՕ-ի «Eurofighter Typhoon» կործանիչները:
Շոյգուն գնում էր Կալինինգրադի մարզ՝ Չկալովսկ ռազմական օդանավակայանում զննումներ իրականացնելու, ստուգելու ռազմական պատրաստության կազմակերպումը և Կալինինգրադում տեղակայված ենթակառուցվածքների շինարարության ընթացքը:
Հարկ է նշել, որ ուկրաինական հակամարտության բռնկումից հետո ՆԱՏՕ-ն շարունակում է քայլեր ձեռնարկել Արևելյան Եվրոպայում իր դիրքերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Սրան նպաստում է նաև Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների վճռական ցանկությունը` էլ ավելի ամրապնդել իրենց ներկայությունը ՆԱՏՕ-ում և ստանալ դրա աջակցությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում: