Էրդողանի համար Թուրքիայում յուրաքանչյուրն ահաբեկիչ է. Foreign Policy
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ուղղված է երկրում այլախոհության ամբողջական վերացմանը։ Նման մոտեցման զոհն են դառնում բոլորը` երեխաներից մինչև ծերեր:Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը և հղում տալիս ամերիկյան Foreign Policy-ին:
Դիարբեքիր նահանգում վերջին ամիսներին անցկացվում են թուրք զինվորականների հատուկ գործողությունները, որոնք ուղղված են երկրում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ։ Սակայն ռազմական գործողությունների զոհը հաճախ դառնում է Թուրքիայի հարավ-արևելքի քաղաքացիական բնակչությունը։
Foreign Policy պարբերականը մահացած զինվորներից մեկի մոր խոսքն է մեջբերում. «Նայեք նրանց: Նրանք դեռ երեխաներ են: Ինչպե՞ս կարող են բոլոր երեխանրն ահաբեկիչներ լինել»
Նրա խոսքով՝ խաղաղ բնակիչների դիերը շատ հաճախ կարելի է տեսնել փողոցներում գցված, սակայն կրակոցների պատճառով դրանք հնարավոր չի լինում վերցնել: «Նրանք բոլորին ահաբեկիչ են անվանում և սպանում»,-ասել է տեղի բնակիչներից մեկը լրագրողի հետ զրույցի ժամանակ:
«Այլախոհ մարդկանց` լրագրողներին, իրավապաշտպաններին, ակադեմիկոսներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, կալանքի տակ են առնում` ահաբեկչական կազմակերպությունների անունից, իբրև, քարոզչություն տարածելու համար»,- ասվում է թերթում:
«Ահաբեկչություն» և «ահաբեկչության կողմնակիցներ» հասկացության ընդլայնումը հանգեցրել է նրան, որ ահաբեկիչներ են սկսել համարել և՛ նրանց, ովքեր ձեռքում ռումբ են բռնում, և՛ նրանց, ովքեր ձեռքում գրիչ են բռնում, գրում է ամերիկյան հանդեսը։