Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-8-ին Հայաստան կայցելի և կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:
«Ռուսաստանի վարչապետն ապրիլի 8-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Նիստի օրակարգը կներառի Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացմանն ուղղված առաջնահերթ խնդիրները», — նշվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի վարչապետն այցի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ համագործակցության վիճակը և հեռանկարները առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներում:
Նախատեսված է նաև մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում: