Կարմիր շրթներկի մոգությունը
Վառ կարմիր, ալ կարմիր, պայծառ կարմիր, մուգ կարմիր:Բոլոր տարբերակներն էլ կիրառելի են, քանի որ կարմիր շրթներկի ամենաբաց երանգից մինչեւ ամենամուգը համարվում են նորաձեւ: Նորաձեւության վերջին տարիների տենդենցները վերադարձ են դեպի պարզություն, իսկ պարզը դա հենց դասականն է: Բնականաբար կարմիր շրթներկը չէր կարող դրա մասը չկազմել: Ճիշտ է, այն նորաձև է միշտ, ինչպես փոքրիկ սեւ զգեստը, բայց վերջին տարիներին այն ապրում է իր «աստղային ժամը»: Կարմիր շրթներկը համարվում է ամենահամարձակ եւ կրքոտ գույնը: Բացի այդ, այն տղամարդկանց ուշադրությունը գրավելու ամենաարագ եւ արդյունավետ ձևերից մեկն է: Միշտ էլ հաճելի (և մի քիչ էլ նախանձելի է) տեսնել հեռուստացույցից եւ պաստառներից քեզ նայող գեղեցիկ հոլիվուդյան դեմքեր' կարմիր շուրթերով: Իհարկե, ուզում ես ինքդ էլ փորձել…
Վերջին տարում հայ աղջիկների մի զգալի մասը, ով իրեն համարում է նորաձեւ և ոճային, սկսել է գործածել շրթներկի կարմիր գույնը' զանազան նրբերանգներով: Ոմանք այն գործածում են կոկտեյլային կամ երեկոյան զգեստների հետ, իսկ մյուսները' ջինսե տաբատների, կամ որ ամենավատն է' սպորտային հագուստի հետ: Էլ չեմ խոսում թափթված մազերի և անհարթ դեմքի մասին: Կարմիր շրթներկի այդպիսի համադրումը, մեղմ ասած, ճիշտ չէ: Նման դիմահարդարմամբ կհասնեք ոչ թե տղաների ուշադրությանը, այլ' քմծիծաղին:
Կարմիր շրթներկը ամենաքմահաճ գույներից է: Իհարկե, այն կարելի է և պետք է գործածել, բայց մինչ այդ եկեք հասկանանք, թե ինչ է հարկավոր դրա համար:
Ամենակարևորը'սպիտակ ատամներ և հարթ մաշկ: Կարմիրն ավելի է ընդգծում ատամները, իսկ անհարթ մաշկի վրա այն բացարձակ չի նայվում:
Եթե դուք չունեք վերը նշված խնդիրները, ուրեմն եկեք հասկանանք, թե որ գույնի մաշկին ինչ կարմիր շրթներկ կարող է սազել: Գրեթե չկան այնպիսի մարդիկ, ում չի սազում կարմիրը, կան պարզապես այնպիսիները, ովքեր դեռ չեն գտել կարմիրի իրենց երանգը:
Բաց և մուգ վարդագույն մաշկով կանանց ավելի սազում է սառը երանգի կարմիր շրթներկ:
Որքան ավելի մուգ է մաշկի գույնը, այնքան ավելի վառ եւ մուգ պետք է լինի Ձեր կամիր շրթներկը:
Դեղնավուն դեմքով կանանց ավելի կսազի նարնջագույնի գերակայությամբ տաք երանգի կարմիր շրթներկ:
Թուխ մաշկի տեր կանանց կարելի է խորհուրդ տալ իսկական կարմիր շրթներկ' առանց որևէ այլ երանգի խառնուրդի:
Ունիվերսալ շականակագույն երանգով կարմիր շրթներկերը սազում են գրեթե բոլոր տեսակի մաշկերին:
Եթե որոշեցիք ներկել Ձեր շուրթերը կարմիր գույնով, հետևեք նաև մյուս խորհուրդներին.
Հիշեք, եթե շուրթերը կարմիր են, աչքերը պետք է խիստ ընդգծված չլինեն, այլապես կստացվի գռեհիկ եւ տճան: Ավելի նախընտրելի են մոխրագույն կամ շականակագույն երանգները:
Կարմրաներկն ընտրեք կամ շրթներկի երանգից, կամ ընդհանրապես մի գործածեք: Այն կարելի է փոխարինել բրոնզագույն երանգի դիմափոշիով:
Կարմիր շրթներկը գործածեք տեղին եւ ժամանակին. ասենք' երեկույթի գնալիս կամ թատրոն հաճախելիս:
Եվ վերջապես ամենակարեւորը' կարմիր շրթներկը գործածեք երեկոյան կամ կոկտեյլային զգեստների հետ' դրանց համապատասխան սանրվածք անելով: Կարմիր շրթներկը չի հանդուրժում որեւէ թափթփվածություն եւ անխնամություն:
Իսկ այս ամենից հետո կարող եք վստահ գնալ' նրա սիրտը շահելու, տղամարդկանց ուշադրությանն ու կանանց նախանձին արժանանալու: