Ուկրաինացի օդաչու Սավչենկոն մեղավոր է ճանաչվել ռուս լրագրողների սպանության գործով
Դոնեցկի քաղաքային դատարանը (Ռոստովի շրջան) ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս լրագրողների սպանության համար։ Այդ մասին ասված է դատավճռում, որի հրապարակումը սկսվել է երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով РИА Новости գործակալությանը:
«Սավչենկոն իրականացրել է սպանությունը՝ մի խումբ մարդկանց նախնական պայմանավորվածությամբ՝ ատելության և թշնամության շարժառիթներով»,- հայտարարել է դատավորը:
Հաստատվել է մեղադրյալի մեղքն այն փաստի առնչությամբ, որ նա 2014 թվականի հունիսի 17-ին Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին է փոխանցել խաղաղ քաղաքացիների կոորդինատները, որոնց ուղղությամբ իրականացվել են հրետանային հարվածներ: Դրանց հետևանքով զոհվել են Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակողներ Իգոր Կորնելյուկն ու Անտոն Վոլոշինը: