Ռուսների կեսից ավելին չի հավատում Ուկրաինայի հետ հաշտությանը
Ամեն երկրորդ ռուսը (52%-ը) կարծում է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ներկայումս հաստատված խաղաղությունը երկար չի տևելու, և ռազմական գործողությունները շուտով վերսկսվելու են: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում տալով «Հասարակական կարծիք» ֆոնդի անցկացրած հարցումների արդյունքներին:
Հարցումներն անց են կացվել մարտի 12-13-ին ՌԴ-ի 140 բնակավայրում՝ 1500 մարդու մասնակցությամբ: Ամեն տասներորդ մարդը (12%)-ը հավատում է, որ խաղաղությունը կլինի երկարատև: Հարցվածների 36%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Ռուսների 37%-ի կարծիքով՝ Ուրաինայի հարավ-արևելքի կոնֆլիկտի լավագույն ելքը կլինի այն, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները դառնան անկախ պետություններ կամ մեկ պետություն:
22%-ը կարծում է՝ լավագույն տարբերակն այն է, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջանները մնան Ուկրաինայի կազմում, սակայն հատուկ պայմաններով՝ լայն ինքնավարությամբ: Ամեն տասներորդը (11%-ը) Դոնեցկի և Լուգանսկի շրջանները դիտում է որպես Ուկրաինայի սովորական շրջան: Դժվարացել են պատասխանել 27%-ը:
Նրանում, որ արդյունքում Ուկրաինան պահպանելու է միասնական պետության կարգավիճակը՝ նույն սահմաններով, վստահ է ամեն հինգերորդը (20%): Հակառակ կարծիքին է քաղաքացիների 47%-ը, դժվարացել է պատասխանել ռուսների 33%-ը:
Հարցման արդյունքներով՝ ռուսների 44%-ը լավ է վերաբերվում Ուկրաինային, 28%-ն անտարբեր է, իսկ 18%-ը վատ է վերաբերվում: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին 67%-ը վատ է վերաբերվում, 3%-ը՝ լավ, 24%-ն անտարբեր է: