Արաբական մամուլը` Պուտինի որոշման և մտադրությունների մասին
Մերձավորարևելյան ԶԼՄ-ները հակասական են արձագանքել Վլադիմիր Պուտինի այն որոշմանը, ըստ որի նախատեսվում է մարտի 15-ից ռուսական հիմնական զորքերի դուրսբերում Սիրիայից:
Սիրիական թերթերը ողջունում են ռուսական ղեկավարության այդ որոշումը, որը, ըստ նրանց կթուլացնի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դիրքերը: Լիբանանյան լրագրողները գտնում են, որ Ամերիկան չէր կարող չիմանալ ռուսական զորքերի դուրսբերման մասին նախապես:
Սիրիական «Աս-Սաուր» կառավարական թերթը հերքում է այն հայտարարությունները, թե գաղտնի համաձայնագիր կա Սիրիայի և Ռուսաստանի միջև, և կանխատեսում է, որ ԱՄՆ-ը «հրապարակայնորեն կհրաժարվի իր վերահսկողության տակ գտնվող ուժերից և թղթե տնակը կփլվի»:
«Ջոն Քերին ջանում է լցնել դատարկությունը, որը մեծանում է ԱՄՆ-ի դաշնակիցների այն վախերի հետ միասին, որ գործարքի արդյունքում իրենք դատարկ ձեռքերով կմնան»,-նշվում է թերթում:
«Ալ-Բաաս» թերթում, որը սիրիական կառավարող կուսակցության թերթն է, լրագրող Բասսամ Հաշիմը ողջունում է սպառազինությունների հանման վերաբերյալ ռուս-սիրիական համաձայնագիրը, որը նա անվանում է «ակնկալելի անակնկալ»:
Մինչդեռ մասնավոր «Ան-Նահար» թերթի լրագրող Ալի Համադահը այլ կարծիք ունի և տրամադրված է նախագահ Բաշար Ասադի դեմ:
Նա կարծում է, որ Ռուսաստանը Սիրիայում իր գործողություններով հասավ նրան, ինչ ուզում էր, իսկ Պուտինը նախազգուշացրել էր ամերիկյան իր կոլեգաներին այդ մասին` նախքան պաշտոնական հայտարարություն անելը: «Ոչ մի հավաստի տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչու է Պուտինը այդ հայտարարությամբ հանդես եկել հենց հիմա: Բայց կան շատ նշաններ, որոնք ցույց են տալիս Ռուսաստանի և Ասադի ռեժիմի ու Իրանի միջև առաջացած հակասությունները»,- պնդում է լրագրողը:
Արաբական հեռուստաալիքները դիտում են Սիրիայից ռուսական զորքերի մասնակի դուրսբերումը որպես «դրական քայլ»:
«Ալ-Ջազիրա»-ն նշում է, որ ըստ Սպիտակ տան հայտարարության, ԱՄՆ-ի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդի հետ, որի ընթացքում հավանություն է տվել Սիրիայից ռուսական հիմանական ուժերի դուրսբերմանը: Եթերում հնչել է նաև սիրիական ընդդիմադիր խմբի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի նախագահի որոշումը «դրական քայլ» կլինի, եթե դա նշանակի զորքերի ամբողջական դուրսբերում:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը ևս սկսել է լուրերի թողարկումը հենց այս լուրով և հաղորդել է, որ որոշումը եղել է Պուտինի և Օբամայի միջև հեռախոսազրույցի թեման:
«Ալ-Ալամ»-ը հաղորդում է, որ Պուտինի որոշումն ընդունվել է Սիրիայի նախագահի հետ բանակցություններից հետո: Եթերում ընդգծվել է, որ առաջնորդների միջև հակասությունների մասին լուրերը սուտ են: