Սիրիայից «տուն է վերադառնում» ռուսական ինքնաթիռների առաջին խումբը
Սիրիայի ռուսական ավիաբազայի ինքնաթիռների առաջին խումբն արդեն «տուն է վերադառնում»: Այս մասին հայտնում է «Интерфкас» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ՊՆ-ի լրատվության և մամուլի ծառայության կառավարմանը:
Համաձայն փաստաթղթի տվյալների՝ «առաջնորդող» խմբի կազմում «Տու-154» ինքնաթիռն է, ինչպես նաև «Սու-34» բազմաֆունկցիոնալ ռմբակոծիչները:
Ռուսական ինքնաթիռների հեռավոր թռիչքները՝ Խմեյմինի ավիաբազայից դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք, իրականացվում են խումբ-խումբ:
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 14-ին հրամայել է այսօրվանից սկսել ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից:
Պուտինը, սակայն, հավելել է, որ Թարթուսում (ծովային) և Խմեյմինում (ավիացիոն) գտնվող ռուսական ուժերի բազավորման կետերը շարունակելու են գործել նախկին ռեժիմով:
Փետրվարի 27-ից ՌԴ-ի և ԱՄՆ-ի համաձայնությամբ Սիրիայում գործում է հրադադարի ռեժիմ: