Մոսկվայում բացվեց «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը
ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մարտի 10-ին Ռուսաստանի պատմության պետական թանգարանում բացել են «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Ցուցադրության են հանվել 160 ցուցանմուշներ Հայաստանի երեք առաջատար թանգարաններից՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից և Մատենադարանից:
«Միայն այն փաստը, որ 160 եզակի ցուցանմուշ է ցուցադրվել, որոնք ընդգրկել են հայկական պետության զարգացման ամբողջ շրջանը, նշանակալի է: Այն, որ այս ցուցանմուշներն այստեղ են, խոսում է հատուկ վստահության և ջերմության մասին»,- նշել է Մեդինսկին իր բացման խոսքում:
«Մեզ համար մեծ պատիվ է Պատմության թանգարանում ցուցադրություն կազմակերպելը երկար տարիների լռությունից հետո: Երկրների միջև մշակութային համագործակցությունը կարևոր դեր է խաղում, այդ կապերը հատուկ հարթության վրա են գտնվում»,-նշել է Հասմիկ Պողոսյանը: