Ռուսաստանը փորձում է պառակտել ՆԱՏՕ-ն. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ ՌԴ կառավարությունը փորձեր է ձեռնարկում՝ ՆԱՏՕ-ն պառակտելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով գլխավոր քարտուղարի՝ «CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:
«Արդեն տևական ժամանակ է, ինչ մենք տեսնում ենք՝ Ռուսաստանը գործում է ավելի վստահ: Նա տարբեր մեթոդներ է կիրառում , որպեսզի վախեցնի իր հարևաններին, ինչպես նաև պառակտի Հյուսիսատլանտյան դաշինքը, սակայն մենք պատասխան ենք տվել դրան՝ անվտանգության ոլորտում մեր ուժերն ամրապնդելով»,- հայտնել է նա:
Ստոլտենբերգը նաև անհանգստություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության ուժերի՝ Միջերկրական ծովի տարածաշրջանում ակտիվացման առթիվ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ըստ ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի ուժերը ԱՄՆ-ին գերազանցում են Սիրիայում: