Ֆրանսիայի ԱԳՆ-ը քննադատել է Թուրքիային «Zaman»-ը իշխանության վերահսկողության տակ վերցնելու համար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն իր դժգոհությունն է հայտնել «Zaman» ընդդիմադիր թերթի վրա թուրքական իշխանությունների վերահսկողությունը հաստատելու որոշման առթիվ: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Էյրոն նշում է, որ Թուրքիայի նման վարքագիծը անընդունելի է և ամբողջովին հակադրվում է եվրոպական արժեքներին:
«Սա անընդունելի է: Չի կարելի ուզենալ մոտ լինել եվրոպական չափանիշներին և դրանով հանդերձ չհարգել ԶԼՄ-ների բազմակարծությունը: Դա ակնհայտ է, և մենք պարզ ասում ենք դա Թուրքիային»,- նշել է Էյրոն:
Գործակալությունը նշում է նաև, որ թուրքական իշխանությունները իրենց վերահսկողության տակ են վերցրել «Zaman» թերթը Ստամբուլի դատախազության խնդրանքով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հերքել էր «Zaman»-ը վերցնելու գործում կառավարության մասնակցությունը: