Իրանցի միլիարդատիրոջը կոռուպցիայի համար մահապատժի են դատապարտել
Իրանցի բիզնեսմեն Բաբակ Զանջանիին մահապատժի են դատապարտել կոռուպցիայի գործով: Այս մասին հաղորդում է «BBC»-ն` հղում անելով Իրանի իշխանությունների հայտարարությանը:
Զանջանին, ում կարողությունը գնահատվում է 13.5 միլիարդ դոլար, ձերբակալվել էր 2013 թ-ի դեկտեմբերին իր նավթային բիզնեսի եկամուտները թաքցնելու համար: Ինքը` գործարարը, հերքում է մեղադրանքը:
Դատարանը Զանջանիին մեղավոր է ճանաչել խարդախության և այլ տնտեսական հանցագործությունների մեջ:
Զանջանիի ևս երկու պատասխանող կողմերը դատապարտվել են մահապատժի, իսկ նրանց անօրինական եկամուտները կբռնագրավվեն:
ԱՄՆ-ում և ԵՄ-ում Զանջանիին սև ցուցակի մեջ էին ընդգրկել այն բանի համար, որ նա օգնել էր իրանական իշխանություններին շրջանցել նավթային սանկցիաները, որոնք Թեհրանի հանդեպ կիրառվել էին միջազգային հանրության կողմից:
Զանջանին հայտարարել է, որ օգտագործել է ԱՄԷ-ում, Թուրքիայում և Մալայզիայում գտնվող ընկերությունների ցանցը միլիոնավոր բարելների նավթ վաճառելու համար, ինչն էլ արել է իրանական իշխանությունների հանձնարարությամբ: