ԱՄՆ նախկին կոնգրեսականը լքում է ադրբեջանական լոբբիստական խումբը չվարձատրվելու պատճառով
ԱՄՆ-ի նախկին կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախկին անդամ Դեն Բերթոնը այլևս չի պատրաստվում պաշտպանել պաշտոնական Բաքվի շահերը, քանի որ իրեն արդեն մեկ տարի է չեն վճարում: Այս մասին գրում է NovostiNK.ru-ն` հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակին:
Բերթոնը «ԱՄՆ-ում ադրբեջանցիների դաշինք»-ի լոբբիզմով զբաղվող ընկերության ղեկավար Ջեյմս Ֆաբիանին ուղղված իր նամակում գրում է.«Արդեն մեկ տարի է ոչ դուք, ոչ Անարը չեք կապվել ինձ հետ: Ընդունեք իմ այս նամակը որպես Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից ազատման դիմում»:
Նա հրաժարական է տվել Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից, որի ղեկավարն է Ադրբեջանի Տրանսպորտի նախարարի որդի Անար Մամեդովը: Նշվում է, որ 4 տարում Մամեդովը ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիզմի վրա ծախսել է 12 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ 2015 թ-ի սեպտեմբերից ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ֆինանսական խնդիրների պատճառով Անար Մամեդովը փակել է ադրբեջանական լոբբիստական գրասենյակը Վաշինգթոնում և պաշտոնապես ցրել է աշխատակազմը: