Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է (տեսանյութեր և լուսանկարներ)
Արթուր (Արտաշես) Ստեփանի Մեսչյան (ծնվել է 1949-ի մարտի 3-ին, Երևան), հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ։ ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի՝ «Առաքյալներ»-ի (1968-1979) հիմնադիր և առաջատար։ 2011 թվականին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թ. մարտի 3-ին Երևան քաղաքում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։ Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում՝ 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործությունների վրա։
Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին՝ 1965 թ., գրվում են «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը։ Առաջին անգամ «Ո՞ւր էիր Աստված» երգը հանդիսատեսի համար կատարվում է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, որտեղ և սովորում էր Ա. Մեսչյանը։ 1966 թ. ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղում մտերմությունը հայտնի պատմաբան, ազգագրագետ Հովսեփ Օրբելու աշակերտ Սեդրակ Բարխուդարյանի հետ։
1967 թ. ստեղծվում է «Առաքյալներ» ռոք խումբը, որն սկզբնական շրջանում չուներ սեփական անվանում և հանդես էր գալիս որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ։ Խմբում բացի Մեսչյանից (հեղինակ, վոկալ, կիթառ, ստեղնաշարային և ջութակ) ընդգրկված էին նաև Լևոն Մելիքյանը (բաս կիթառ) և Գրիգոր Նալբանդյանը (հարվածային գործիքներ): Արդեն երրորդ կուրսում խումբը հանդես է գալիս համերգներով, որոնք հսկայական հաջողություն են ունենում ուսանող երիտասարդների շրջանում։
Միաձուլելով հայ հոգևոր երաժշտությունը այդ տարիներին ծաղկում ապրող ռոքի հետ՝ խումբն անմոռանալի տպավորություն է թողնում ունկնդիրների վրա և դառնում իսկական հայտնություն։ Խմբի առաջին համերգները տեղի են ունենում պոլիտեխնիկական ինստիտուտում և հանդիպում կոմերիտական ակտիվիստների դիմադրությանը։ Վերջիններս խմբի անդամներին բնորոշում էին որպես «նորընծա առաքյալներ», ինչն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի խումբը կոչվի «Առաքյալներ» («Apostles»):
Երաժշտական գործեր
Ռեքվիեմ՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված, 1970-ականերին «Առաքյալներ»-ի ալբոմը, չթողարկվեց խորհրդային «Մելոդիա» ստուդիայի կողմից
Խենթ ջութակահարի մենախոսություն (The Monologue of an insane violinist), 1992
Կատարսիս (Catharsis), 1995
Թափառում (Wander), 1995
Հաղորդություն (Communion), 1996
Կենդանի համերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Live At Aram Khachatryan Concert Hall, 2005
Կենդանի համերգ Արթուր Մեսչյան Arthur Meschian Live 2006
Հիմնական Ճարտարապետական աշխատանքները
Կառավարության ընդունելությունների տան շենքը Երևանում.
Մասնակցություն Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի նախագծմանը
Ամառային ճամբար-պանսիոնատ Բյուրականում
Ֆիզիկական կուլտուրայի և առողջական համալիր Նոր Ուրենգոյում (Ռուսաստան)
Մոսկվայում գտնվող նախկին Լազարյան ճեմարանի (ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքի) վերանորոգման նախագիծ
Մատենադարանի նոր մասնաշենքը
Մատենադարանի հին մասնաշենքի և հարող տարածքի վերանորոգման նախագիծ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Կոմիտասի անվան զբոսայգում