Թուրքիայում 1800-ից ավելի քաղաքացի մեղադրվում է Էրդողանին վիրավորելու մեջ
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, այսօր ելույթ ունենալով թուրքական խորհրդարանում, հայտնել է, որ 1845 քաղաքացու դեմ քննություն է տարվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «РИА Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Նախագահին վիրավորելու մեջ մեղադրվում է 1845 քաղաքացի: Չեմ կարծում, թե կարող եք կարդալ այդ բոլոր վիրավորանքներն առանց կարմրելու: Ոչ ոք վիրավորելու մեջ ազատ չէ»,- հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարարը:
Գործակալությունը մատնանշել է, որ Թուրքիայի օրենքներով նախագահին վիրավորելու համար սահմանված է դրամական տուգանք կամ ձերբակալություն՝ մեկից չորս տարի ժամկետով:
Ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է այն բանում, որ նրանք դա օգտագործում են Էրդողանի քաղաքականությանը դեմ մարդկանց ճնշելու նպատակով: