4-ամյա երեխային գլխատած դայակի հեռախոսում ծայրահեղականների տվյալներ են գտնվել
Իրավապահ մարմինները փորձում են գտնել չորսամյա երեխայի սպանության մեջ մեղադրվող դայակի շրջապատից երկու տղամարդու գտնվելու վայրը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» գործակալության պաշտոնական կայքին:
Ինչպես հաղորդվում է, այդ մարդիկ կարող են կապ ունենալ միջազգային ծայրահեղական խմբավորումներից մեկի հետ: Նրանց տվյալները գտնվել են դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովայի էլեկտրոնային սարքերի անալիզի ընթացքում:
Դայակը իր հեռախոսում այդ տղամարդկանց հեռախոսահամարներն ավելացրել է այս տարի՝ Ուզբեկստանում արձակուրդն անցկացնելու ժամանակ: Երկուշաբթի օրը, երբ արդեն սպանությունը տեղի էր ունեցել, այդ բաժանորդներից մեկն անջատել է իր հեռախոսը:
Այժմ ճշտվում են նրանց գտնվելու վայրը, ինչպես նաև պարզվում է՝ արդյո՞ք նրանք ՌԴ-ի տարածքում, մասնավորապես՝ Մոսկվայում են եղել:
Ավելի վաղ դայակը ժամանել էր հանցագործության վայր և պատմել, թե ինչու և ինչպես է սպանել փոքրիկին, ինչպես նաև ընդունել իր մեղքը: