Քադիրովը կմասնակցի Չեչնիայի նախագահական ընտրություններին
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից նախագահի պաշտոնավարության ժամկետը երկարաձգելու և նախագահական ընտրություններին մասնակցելու թույլտվություն կստանա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «РБК»-ին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Քադիրովը մինչև ապրիլի 5-ը կնշանակվի Չեչնիայի ղեկավարի պարտավորությունները կատարող անձ, իսկ սեպտեմբերին նա կմասնակցի նախագահական ընտրություններին: Սա նշանակում է, որ Քադիրովի վերջին հայտարարությունները չեն նշանակում, թե նա հրաժարվում է պաշտոնավարության նոր ժամկետից:
Ավելի վաղ Քադիրովը հայտնել էր, որ երկրի ղեկավարության հետ չի քննարկել իր առաջիկա գործողությունները և նախագահի պաշտոնում մնալու հարցը: Նա հավելել էր, որ կընդունի Վլադիմիր Պուտինի ցանկացած որոշում: