Ադրբեջանի ՆԳՆ-ը հաստատել է, որ 25 ադրբեջանցի փորձել է անցնել Հայաստանի սահմանը
Չնայած Գաբալայի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի առաջին տեղակալ Աբիլ Աղասեֆերովը հերքել էր այն տեղեկատվությունը, որ Գաբալայի մի խումբ բնակիչներ փորձել են անցնել Հայաստան, բայց Ներքին գործերի նախարարության մամլո ծառայության փոխղեկավար Էխսան Զահիդովը հաստատել է այս փաստը: Այս մասին հաղորդում է Minval.az-ը:
«Փետրվարի 27-ին Գաբալայի 25 բնակիչներ, այդ թվում նաև` մանկահասակ երեխաներ, գիշերը անցել են Աղդամի շրջանի Միրբաշիրլի գյուղ և հայտարարել, որ կանցնեն հայկական կողմը, եթե ազատ չարձակվեն իրենց ձերբակալված հարազատները: Խումբը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից»,-հայտարարել է նա տեղական ԶԼՄ-ներին:
Զահիդովը նշել է, որ բնակիչները հետ են ուղարկվել Գաբալա: Ներկայումս տարվում է հետաքննություն, որի արդյունքում կտրվի իրավական գնահատական:
Հիշեցնենք, որ Գաբալայի շրջանի 25 քաղաքացիներ սպիտակ դրոշները ձեռքներին փորձել են անցնել Հայաստան` Ադրբեջանում տիրող անարդարությունների պատճառով: