Ռուսաստանի արտգործնախարարությունը Սիրիայում Թուրքիայի պահվածքն անվանել է անկանխատեսելի
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի պահվածքը անկանխատեսելի է: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Մեր թուրք գործընկերները չեն դադարում սահմանային հարվածներ հասցնել Սիրիայում, և չեն հրաժարվում թուրքական սահմանի երկայնքով սիրիական տարածքում «հատուկ գոտի» ստեղծելու մտքից: Այստեղ շատ վտանգավոր իրադրություն է ստեղծվում, և Անկարայի վարքը դառնում է անկանխատեսելի»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հրադադարի հարցերով զբաղվող ռուսական կենտրոնը հրավիրել էր ամերիկյան կենտրոնի ուշադրությունը այն հարցում, որ թուրքական կողմից Սիրիայի ուղղությամբ կրակոցներ են հնչել:
Սիրիական Քուրդիստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Թուրքիան չի հետևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268 բանաձևին, քանի որ Սիրիայի տարածքում կրակոցները շարունակվում են միայն թուրքական կողմից: