10 յուրահատուկ հայկական վայրեր ամբողջ աշխարհում (լուսանկարներ)
Ամբողջ աշխարհում կան հարյուրավոր և հազարավոր եկեղեցիներ և խաչքարեր, դպրոցներ և քոլեջներ, խանութներ և ռեստորաններ: Imyerevan.com-ը ներկայացնում է դրանցից 10 ամենահետաքրքիրներն ու յուրօրինակները:
Ռեստորան «Վանա լճի Աղթամար կղզուց տեղափոխված վանք» Էդինբուրգում
Հայկական ամենաառեղծվածային ռեստորանը ոչ միայն Էդինբուրգում, այլև ամբողջ աշխարհում այս ռեստորանն է: Այն գտնվում է ոստիկանության նախկին շենքում: Այստեղ ոչինչ չի հիշեցնում ռեստորանի առկայության մասին, նույնիսկ ցուցանակներ չկան: Սենյակում կա ընդամենը 10 սեղան, և որպեսզի այդտեղ ճաշես, պետք է մի քանի օր առաջ գրանցվես: Ռեստորանի շեֆ-խոհարար և տեր Պետրոս Վարդինյանը ճաշատեսակները պատրաստում է խնամքով և սիրով: Բացի այդ, ասում են, որ նա կարող է քննադատել հաճախորդներին մանրուքների համար, օրինակ` ուշանալու կամ շատ գինի խմելու համար:
Սուրբ Հարություն եկեղեցին Մբաբանեում
Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է մոլորակի ամենաանսպասելի վայրերից մեկում` Հարավային Ամերիկայում գտնվող Սվազիլենդի մայրաքաղաք Մբաբանեի մոտակայքում: Եկեղեցին հիմնադրվել է 1985 թ-ին Գրիգոր Դերբելյանի կողմից Պայն Վելլի (Սոսիների անտառ) կոչվող վայրում: Շինարարությունը տևել է 4 տարի և ավարտվել է 1989 թ-ին: Եկեղեցին օծվել է հայկական կանոններով և Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական եկեղեցիներից է Սվազիլենդում: Վանքի կողքին հոսում է մի գետակ, որին Դերբելյանն անվանել է Արաքս և նույնիսկ կախել է փոքրիկ ցուցանակ այդ անունով:
«Daniel Moser» սրճարանը Վիենայում
Սա սրճարան է Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում: Այն եզակի է այն պատճառով, որ դարձել է առաջին սրճարանը Եվրոպայում: 1685 թ-ին այն բացել է Թուրքիայից եկած հայ առևտրական Յոհաննես Դիոդատոն (Հովհաննես Աստվածատուրը): Սրճարանում, որը այսօր կրում է Վիենայի քաղաքապետ Դանիել Մոզերի անունը, որի օրոք այն բացվել է, Դիոդատոյին դեռևս հիշում են: Բարի սեղանի կողքի պատին կախված է բրոնզե ցուցանակ, որի վրա գրված է սրճարանի համառոտ պատմությունը: Սրճարանի մենյուն ընդգրկում է իտալական սուրճի հիմնական տեսակները` էսպրեսո, կապուչինո և այլն: Այստեղ կարելի է ուտել նաև սենդվիչներ:
«Klosterlikör Mechitharine» խանութը Վենետիկում
Այստեղ վաճառվում է «Մեխիտարինե» ֆիրմային լիկյորը, որը պատրաստվում է 1889 թ-ից ի վեր: Խմիչքի բաղադրատոմսը Կոստանդնուպոլսից Վենետիկ է բերել Մխիթար Սեբաստացին: Այն մինչ օրս գաղտնի է պահվում: Հայտնի լիկյորը հատուկ պատվիրել են ավստրիական կայսրերի համար: Այն պատրաստում են էկզոտիկ մրգերից, 42 խոտերից, արմատներից և համեմունքներից, առանց որևէ սինթետիկ կամ քիմիական հավելումների: Խանութը պահում է հայր Անդրեասը, ով պահպանում է պատրաստման բաղադրատոմսի գաղնիությունը և արդեն մի քանի տասնամյակ ղեկավարում է արտադրությունը:
«Թուֆենկյան» գորգերի խանութը Լոնդոնում
Հայտնի «Թուֆենկյան» ընկերության հայկական գորգերի վաճառքի և ցուցադրության սրահը գտնվում է Լոնդոնի Չելսի շրջանի Դիզայնի կենտրոնի երրորդ հարկում: Այստեղ ներկայացված են լավագույն հայկական և տիբեթական գորգերը, որոնք գործվում են ձեռքով 100 %-անոց բրդից կամ մետաքսի և այլ բնական թելերի խառնուրդից: Այստեղ կարելի է նաև պատվիրել անհատական դիզայնով գորգեր, որոնք կպատրաստվեն երեք ամսում:
Նուբարյան գրադարանը Փարիզում
Այն հիմնադրվել է 1928 թ-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) և հայտնի բարեգործ և մեկենաս Պողոս Նուբարյանի կողմից: Գրադարանը ունի 40 հազար գիրք, որից 22 հազարը հայերեն է, 800 հազարը` արխիվային նյութ և կա 19-րդ դարի մոտ 280 ձեռագիր: Գրադարանի մուտքն ազատ է, բացի արխիվային նյութերից:
Կոմիտասի արձանը Միչիգանում
Հայ մեծանուն կոմպոզիտոր և երգիչ Կոմիտասի և 1915 թ-ի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը գտնվում է Միչիգանի նահանգի Դետրոյտ քաղաքի Ջեֆերսոնի պողոտայում: Հիմնվել է Ասարյան Ֆաունդեյշնի կողմից: Հուշարձանի հեղինակն է կանադացի ճարտարապետ Արտո Չաքմակչյանը:
«Sarkisian’s» հնաոճ իրերի խանութը Դենվարում
«Sarkisian’s»-ը Կոլորադոյի նահանգի ամենահին հնաոճ իրերի խանութն է: Այն հիմնվել է 1891 թ-ին հայ գաղթական Մեդիլ Սարկիսյանի կողմից: Խանութն արդեն ավելի քան 120 տարեկան է: Այն ավելի շատ թանգարանի է նման, քան խանութի: Զբաղվում է Հայաստանից, Իրանից և Հնդկաստանից բերված գորգերի վաճառքով: Այստեղ կարելի է գտնել արվեստի գործեր Եգիպտոսից, Նեպալից և Չինաստանից: Խանութին կից գործում է արհեստանոց, որտեղ վերանորոգում են ցանկացած բարդության վնասված իրեր:
«Raffles» հյուրանոցը Սինգապուրում
Հյուրանոցը հիմնադրվել է հայ 4 եղբայրների կողմից 120 տարի առաջ: Նրանք բացել են 10 սենյականոց գաղութատիրական ամառանոց: Այսօր այս պատմական շենքը Սինգապուրի հիմնական տեսարժան վայրերից և սիմվոլներից մեկն է: Հյուրանոցը գտնվում է «Raffles International Limited» միջազգային խմբի կառավարման ներքո: Այն հայտնի է իր շքեղ համարներով և հիասքանչ խոհանոցով: 1931 թ-ին հյուրանոցը հայտարարեց իր սնանկացման մասին: 1933 թ-ին ստեղծվեց «Raffles Hotel» սինգապուրյան պետական ընկերությունը, քանի որ պատմական նշանակություն ունեցող հյուրանոցը պահպանելը սինգապուրցիների պատվի հարցն էր:
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Մյանմայում
1862 թ-ին հայերը այստեղ կառուցում են մի եկեղեցի Բիրմայի թագավորից նվեր ստացած հողակտորի վրա: Այն մինչ այժմ գործում է: Ըստ տեղեկությունների, 1851-1915 թթ. այստեղ մկրտվել է 76 հայ, 1855-1941 թթ.` ամուսնացել է 237 հայ, իսկ1811-1921 թթ` մահացել է 300 հայ: Դեռևս մեկ դար առաջ քաղաքում կարելի էր հանդիպել հարյուրավոր հայերի: Նրանք այստեղ ստեղծել էին զարգացող առևտրական ցանց, որը ձգվում էր Ասիայի ամբողջ հարավ-արևելյան մասով: Սակայն ներկայումս այստեղ հայեր չկան: