Ադրբեջանը պատրաստվում է ընդլայնել արտահանումը դեպի Եվրոպա
Բաքուն ձեռնամուխ է եղել ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարների քննարկմանը ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքման նախաձեռնության շրջանակներում։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով Բաքվի «Тренд» գործակալությանը, որին այդ մասին հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամեդղուլիևը։
Ադրբեջանի կառավարությունը Եվրամիության հետ համաձայնագրի նախագիծը ներկայացրել է դեռևս 2015 թ-ի մայիսին Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին։
Նոր ծրագիրը նախատեսում է, որ Ադրբեջանը պետք է մոտեցնի իր ստանդարտները առավել կարևոր միջազգային առևտրային ստանդարտներին և գործընթացներին, ինչը պետք է հանգեցնի ԵՄ-ի շուկայում ադրբեջանական արտադրանքի հասանելիության բարելավմանը։
Ըստ Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ Ռասիմա Մուսաբեկովայի, եվրոպական շուկայում ադրբեջանական արտադրանքի առաջխաղացումը կլինի մոտ ապագայում։
«ԵՄ-ի հետ հարաբերությունները, առաջին հերթին, վերաբերում են քաղաքացիների, աշխատուժի, բիզնեսի ազատ տեղաշարժմանը, մշակույթի և կրթության ոլորտում համագործակցությանը»,- նշել է պատգամավորը։
Վերջին տարիներին Եվրամիության բաժինը Ադրբեջանի արտահանման մեջ 59 տոկոս է եղել։
Ըստ Եվրոստատի, 2015 թ-ին Ադրբեջանից ԵՄ է մատակարարվել 13.2 միլիարդ եվրոյի ապրանք և արտադրանք։
Նավթ և նավթամթերքներ
Ըստ ադրբեջանցի փորձագետ, տնտեսագետ Օգտայա Ախվերդիևայի, Ադրբեջանից Եվրոպա արտահանման ավելի քան 98 տոկոսը կազմված է նավթից և նավթամթերքից։
«Բացի նավթից, շատ քիչ քանակությամբ մատակարարվում է մեքենաշինության և տրանսպորտային մեխանիզմներ և մասեր, գյուղատնտեսական արտադրանք»,- նշել է տնտեսագետը։
Սակայն մոտ ապագայում Բաքուն հույս ունի մեծացնել երկրի արտահանման ծավալը նավթի և նավթամթերքների ոլորտում։