Թուրքիան կընդլայնի ուկրաինացի զինվորականներին տրվող մասնագիտական աջակցության ոլորտները
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուրժենկոյի և նրա թուրք գործընկեր Հուլուսի Ակարայի միջև հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիայի կողմից ուկրաինացի զինվորականներին տրվող մասնագիտական պատրաստման ոլորտների ընդլայնման մասին։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը։
«Բանակցությունների ժամանակ Ուկրաինայի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը քննարկեցին սևծովյան տարածաշրջանի կայունության, խաղաղության և անվտանգության հարցերը, մի շարք նոր նախաձեռնություններ և ծրագրեր, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ուկրաինացի զինվորականների պատրաստման շուրջ»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր պատրաստակամությունն է հայտնել՝ բազմակողմ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի բանակի օպերատիվ հնարավորությունների մեծացման ուղղությամբ։