Մեդվեդևը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի փլուզված հարաբերությունների մասին
Ռուս-ամերիկյան հարաբերությունները գրեթե փլուզված են և ավելի վատ են, քան «վերալիցքավորումից» առաջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Euronews»-ին տված հարցազրույցում։
«Հարցն այն է, ինչպե՞ս և հանուն ինչի՞։ Մենք արդեն մի անգամ վերալիցքավորել ենք ամերիկացիների հետ մեր հարաբերությունները։ Ես դրան անձամբ եմ մասնակցել։ Սերգեյ Լավրովը Հիլարի Քլինթոնի հետ սեղմեց կոճակը, որի վրա գրված էր «Reset»՝ չնայած իրականում մի փոքր այլ կերպ եղավ։ Եվ ի՞նչ։ Ցավոք, հարաբերությունները կրկին փչացել են, դրանք փլուզված են, ավելի վատ են, քան նախկինում էին»,- նշել է Մեդվեդևը։
Ըստ վարչապետի, «եթե ինչ-որ բան նորից ես սկսում, ապա պետք է սկսես սկզբունքորեն նոր հիմքերի վրա»։
«Ո՞ր հիմքերի՝ իրավահավասար, արդար, հանգիստ հարաբերությունների՝ ելնելով այն բանից, որ դա անհրաժեշտ է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլ նաև Եվրոպական Միությանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներին»,- նշել է նա։
Մեդվեդևը ընդգծել է, որ Ռուսաստանը ցանկանում է «լավ, առաջադեմ հարաբերություններ» ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։
Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության կոնֆերանսին Մեդվեդևը հայտարարել էր ՆԱՏՕ-ի հետ նոր «սառը պատերազմի» մասին։