Ինչպե՞ս դաստիարակել երեխային. ուժ կիրառելը սխալ է
Բոլոր ժամանակներում երեխաների և ծնողների հարաբերությունները աչքի են ընկել բարդություններով և հակասություններով: Ծնողները հաճախ դեմ են լինում այն արարքներին, որոնք իրենց երեխաները կատարում են: Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է վերլուծել երեխայի հոգեբանությունը և հասկանալ իրավիճակը: Ծնողների կողմից ցուցաբերած անհանդուրժողականությունը երեխաների մեջ կարող է ագրեսիա և չհասկացված լինելու զգացում առաջացնել:
Շատ հաճախ օգտագործվող պատժամիջոցները երեխային ստիպում են իրեն մեղավոր զգալ, այն ինչ, պետք է օգնել երեխային ինքնուրույն հասկանալ սեփական սխալները: Պատժամիջոցներով սխալները շտկելը երեխայի մոտ վախի զգացում է առաջացնում և ստիպում ընտելանալ դաստիարակության այդ միջոցին, որի բացակայության դեպքում նա նորից կարող է կրկնել նույն արարքները: Հետևաբար` անհրաժեշտ է հարգել երեխային և օգնել նրան փոխել իր վերաբերմունքը տվյալ երևույթի նկատմամբ: Ուժի կիրառումը կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ: