Սա ֆուտբոլ է, ոչ թե Հոլիվուդը. Բեյոնսեին քննադատել են ոստիկանների վրա «հարձակվելու» համար
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին երգչուհի Բեյոնսեին քննադատել է «ոստիկանների վրա հարձակվելու» համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Billboard»-ին:
Խոսքը վերաբերում է Սանտա-Կլարեում (Կալիֆոռնիա)՝ «Levi's Stadium» մարզադաշտում, Բեյոնսեի՝ Սուպերգավաթի ընդմիջման ժամանակ տեղի ունեցած ելույթին: Երգչուհին բեմ էր բարձրացել «Coldplay»-ի և Բրունո Մարսի հետ:
Ինչպես հաղորդվում է, Բեյոնսեի ելույթը ցնցել է բազմաթիվ երկրպագուների, սակայն միաժամանակ արժանացել է հասարակության որոշ շրջանի խիստ քննադատությանը: Շատ մարդիկ նրա ելույթի մեջ տեսել են աֆրոամերիկյան ձախարմատականների «Սև պանտերա» կազմակերպության նշույլներ:
«Սա ֆուտբոլ է, ոչ թե Հոլիվուդը: Ես իրոք զայրացնող եմ համարում այն, որ նա սա օգտագործել է որպես ոստիկանների վրա հարձակվելու հարթակ»,- հայտնել է Ջուլիանին: Նրա խոսքով՝ ոստիկանները մարդիկ են, ովքեր պաշտպանում են Բեյոնսեին և բոլորին առհասարակ, «նրանք պահպանում են բոլորի կյանքը»: