Ռուսաստանը սպասում է կործանված «Су-24»-ի համար Թուրքիայի ներողություն խնդրելուն
Ռուսաստանը սպասում է կործանված «Су-24»-ի համար Թուրքիայի պաշտոնական ներողություն խնդրելուն, մեղավորների պատժին և վնասի փոխհատուցմանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը նշել է. «Նախագահ Պուտինը հենց սկզբից հայտնել է, թե ինչ պետք է անի Թուրքիան երկրների հարաբերություններ ներխուժած ամենամեծ ճգնաժամը հաղթահարելու համար: Մենք թուրքական կողմից սպասում ենք պաշտոնական ներողություն խնդրելուն, մեղավորների պատժվելուն և այն վնասի փոխհատուցմանը, որը հասցվել է մեր պետությանը»:
Դեսպանի կարծիքով՝ Թուրքիայի այն հայտարարությունը, թե երկիրը ցավում է տեղի ունեցածի համար, բավարար չէ, «դրա մակարդակը չի հասնում նրան, ինչը տեղի է ունեցել»:
Դեսպանը շեշտել է, որ չի ակնկալում ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունների բարելավում առանց այդ պայմանների ի կատար ածման: