«Beatles»-ը Լիվերպուլի տնտեսությանը տարեկան 82 միլիոն ֆունտ է բերում
Նույնիսկ կազմալուծումից 40 տարի հետո «Beatles» խումբը շարունակում է հարազատ Լիվերպուլի տնտեսությանը մեծ օգուտներ տալ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով տեղական իշխանությունների զեկույցին:
««Beatles»-ի ժառանգությունը Լիվերպուլի տնտեսությանը տարեկան ավելացնում է 81.9 միլիոն ֆունտ, ինչպես նաև ավելացնում է 2335 աշխատատեղ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Առաջին հերթին այդ եկամուտը կապված է զբոսաշրջության հետ, մասնավորապես՝ Սուրբ Վարնավա եկեղեցու հետ, որտեղ ելույթ էր ունենում խումբը, այն դպրոցների հետ, որտեղ սովորել են խմբի անդամները, Պեննի-Լեյն փողոցի հետ, որին նվիրված է երաժիշտների ստեղծագործություններից մեկը, և այլ վայրերից:
Ինչպես հայտնում են զեկույցի հեղինակները, երկրի տնտեսության «բիթլզյան» ճյուղը շարունակում է զարգանալ տարեկան 15%-ով՝ խմբի հայտնիության մեծացմանը զուգընթաց: