Թուրքիայի ափերին միգրանտների երկու նավ է խորտակվել, 35 մարդ վախճանվել է
Միգրանտների երկու նավեր, որոնք ուղևորվում էին Թուրքիայից Հունաստան, շուռ են եկել, որի արդյունքում մահացել է առնվազն 35 մարդ։ Այս մասին հաղորդում է «The Guardian»-ը։
Հունական Լեսբոս կղզուց ոչ հեռու մահացել է 24 մարդ, որոնց թվում նաև՝ մի քանի երեխաներ։ Եվս 11 մարդ մահացել է ավելի հարավ՝ թուրքական Իզմիր նահանգի ափերին։
Ըստ Միգրանտների հարցերով միջազգային կազմակերպության տվյալների, մինչև փետրվարի 5-ը առնվազն 374 միգրանտ է մահացել՝ փորձելով Եվրոպա հասնել։
Միգրանտների շրջանում, ովքեր փորձում են հասնել եվրոպական երկրներ, Թուրքիայից Հունաստան տանող ծովային ճանապարհը համարվում է ամենահայտնին, բայց և ամենավտանգավորը։
Յուրաքանչյուր ամիս Էգեյան ծովում խորտակվում են տասնյակ մարդիկ, բայց չնայած դրան մահացու ռիսկի դիմելուց քչերն են հրաժարվում։