ՌԴ կոմունիստական կուսակցությունն առաջարկել է Արարատը հետ վերցնել Թուրքիայից
ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկել են չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ 1921 թ-ի մարտի 21-ին կնքած բարեկամության և եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը։
Նման հայտարարությամբ են հանդես եկել Ռուսաստանի Պետդումայի Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը։ Այս մասին հաղորդում է «RT»-ն՝ հղում անելով «Известия»-ին։
Ըստ ԶԼՄ-ների՝ պատգամավորներն իրենց այս առաջարկությունը նամակով ուղարկել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
«Մենք պետք է իրավաբանորեն մշակենք այն բոլոր հնարավորությունները, որոնցով կարող են վերանայվել մեր երկրին և մեր դաշնակիցներին ոչ ձեռնտու ռուս-թուրքական համաձայնագրերը։ Անկարան պետք է հասկանա, թե ինչ կարող է լինել հակամարտության էսկալացիայի արդյունքում։ Միայն դա կարող է նրան սթափեցնել և հետ պահել նոր սադրանքներից»,- իր նախաձեռնությունը մեկնաբանել է Օբուխովը։
Հիշեցնենք, որ ըստ Մոսկվայի պայմանագրի, Թուրքիային են տրվել Կարսի մարզը և Սուրմալուի գավառը Արարատ լեռան հետ միասին։