Մեծ Պահքի շրջանը սկսված է. արդյո՞ք մարդիկ գիտեն Մեծ Պահքի իմաստն ու նշանակությունը. հարցում
Այսօր սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն, որն այս տարի նշվելու է մարտի 27-ին: Պահքի շրջանում մարդիկ օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության:
Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է:
Մեծ Պահքի վերաբերյալ Operativ.am-ը հարցում անցկացրեց, որի արդյունքում, պարզ դարձավ, որ մարդկանց մեծ մասը միշտ ցանկացել է պահել Մեծ Պահք, սակայն նիհարելու խնդրի պատճառով չեն պահել: Այս առումով, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար:
Ոմանք, նշեցին, որ անպայման պահում են պահքը և ամեն կիրակի գնում եկեղեցի, այնտեղից մոմ բերում և վառում տանը, սակայն վերջիններս չեն սահմանափակվում միայն Մեծ Պահքով, նրանք պահում են նաև սրբապահքը, այսինքն հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը և նաև ծոմը` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Կարևոր է նաև ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է»:(Հռոմ.14:3):
Մարդկանց շրջանում հնչեցրած այն հարցին, թե արդյոք գիտեն Մեծ Պահքի իմաստը, նշանակությունը, մի մասի համար Պահքը ֆիզիկապես և հոգեպես մաքրվելու և ճիշտ հաղորդություն ստանալու համար է: Մարդկանց մեծ մասը տեղյակ էր, որ Մեծ Պահքի առաջին կիրակին խորհրդանշում է մարդու Դրախտային կյանքը, երկրորդ կիրակին` Արտաքսումը, երրորդ կիրակին Անառակի, չորրորդ կիրակին նշանակում է Տնտեսի կիրակի, հինգերորդ կիրակին` Դատավորի կիրակի, վեցերորդ կիրակին` Գալստյան կիրակին է, իսկ վերջին կիրակին Ծաղկազարդն է:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը: