Էրդողանին չի հաջողվում կապ հաստատել Պուտինի հետ
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապարդյուն փորձում է զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտեց Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է կապվել Վլադիմիր Պուտինի հետ, ինչին ռուսական կողմը չի արձագանքում»,- Քալընի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը:
ՌԴ-Թուրքիա հարաբերությունները սրվել են, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը հարված հասցրեց ռուսական Սու-24 ռմբակոծիչ ինքնաթիռին: ՌԴ նախագահն այդ քայլը որակեց որպես «հարված մեջքից»: Դրանից հետո Պուտինը նաև հրամանագիր ստորագրեց Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: