Ռուսաստանը Թուրքիային մեղադրել է սիրիական գյուղերի վրա կրակ բացելու մեջ (տեսանյութ)
ՌուսաստանՌուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թուրքիային Սիրիայի տարածքում գտնվող սահմանային բնակելի կետերի վրա կրակ բացելու մեջ և բացատրություններ է պահանջել ՆԱՏՕ-ից և Պենտագոնից։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Նման հայտարարություն է արել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը այսօր կայացած բրիֆինգի ընթացքում։ Ըստ նրա՝ թուրքական սահմանային կետերից մեկում վերջին ամսում մեծ քանակությամբ ծանր հրետանի է կուտակվել։
«Եթե անհրաժեշտ են փաստեր՝ խնդրեմ»,- նշել է Կոնաշենկովը՝ ցուցադրելով տեսանյութ, որտեղ երևում է կրակող հրետանին։
«Ահա սա փաստ է, անհերքելի ապացույց, որ թուրքական զինված ուժերը կրակում են սիրիական սահմանային բնակելի կետերին ծանր հրետանիով»,- հավելել է նա։
Ինչպես նշվում է ՊՆ-ի պաշտոնական կայքում, տեսանյութը ստացվել է «սիրիական գերագույն շտաբի և սիրիական հայրենասիրական ընդդիմության ջոկատների կողմից»։
«ՆԱՏՕ-ից և Պենտագոնից ակնկալում ենք նույնանման արագ արձագանք և բացատրություններ թուրքական զինված ուժերի այս գործողությունների վերաբերյալ»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։