Իրանին հետ են վերադարձրել 100 միլիարդ դոլարի արտասահմանյան ակտիվները
Իրանի իշխանությունները հայտարարել է, որ 2012 թ-ին երկրի դեմ կիրառված միջազգային սանկցիաների շրջանակներում մոտ 100 միլիարդ դոլարի արտասահմանյան ակտիվներ ապասառեցվել են։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Խոսքը նավթային գործարքներից եկող շահույթների մասին է, որոնք մի քանի տարի շարունակ կուտակվել էին չինական, հնդկական, ճապոնական և այլ երկրների բանկերում։
«Այդ ակտիվները ամբողջությամբ ապասառեցվել են և մենք կարող ենք դրանք օգտագործել»,- նշել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամեդ Բաքր Նովբահկը տեղական հեռուստատեսությամբ։
Ինչպես հաղորդվում է, ֆոնդերի հետ վերադարձմանը խանգարել է միայն այն, որ իրանական բանկերի կապը «SWIFT» համակարգի հետ կտրված էր։ Կիրակի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ իրանական բանկերի մուտքը «SWIFT» համակարգ արդեն վերականգնված է։
Միջազգային սանկցիաները հանելուց հետո Իրանը արդեն մի քանի խոշոր միջազգային գործարք է կնքել։ Երկրի նախագահի եվրոպական այցերի ընթացքում Իտալիայում ստորագրվել են մոտ 17 միլիարդ դոլարի պայմանագրեր, իսկ Ֆրանսիայում՝ մոտ 25 միլիարդի։