Այսօր երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
ՄշակույթԴավիթ Վարդանի Ամալյան (1974, փետրվարի 1, Երևան), հայ երգիչ, երգահան: ՀՀ վաստակավոր արտիստ (2011):
1990 թվականին ավարտել է Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը: 1982-1989 թվականներին սովորել է Ա. Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի դաշնամուրի և շվիի դասարաններում, 1990-1993 թվականներին՝ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժնի դաշնամուրի դասարանում, 1993-1998 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնում:
1990-1994 թվականներին մասնակցել է արցախյան պատերազմին` «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ 4-րդ» գումարտակի, այնուհետև՝ 5-րդ բրիգադի զորամիավորումներում: Երկրապահ կամավորական միության անդամ է: 1994 թվականից պարբերաբար կազմակերպել է «Ելին ի բոցոյն» խորագրով համերգային հուշ-երեկոներ՝ նվիրված զոհված ազատամարտիկներին:
2004 թվականին թողարկել է առաջին «Հոգու հնչյուն» ձայնասկավառակը: 2004-2011 թվականներին ունեցել է 4 հեղինակային մենահամերգ: Հեղինակել է շուրջ 60 երգ, որոնց մեծ մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա: 2002 թվականին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է իր՝ «Արծվաբույն» խորագրով պիեսը՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանին:
Մրցանակներ, պարգևներ
«Սայաթ-Նովա» երգի համահայկական մրցանակաբաշխության ժողովրդա-գուսանական նոմինացիայի գլխավոր մրցանակ (2001)
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2011)
«Մայրական երախտագիտություն» մեդալ
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ