Հպարտ եմ, որ վաղվա բանակին 2 զինվոր եմ տալու. երգիչ Ավո Ադամյան
Իմ սիրող զինվոր հայոց բանակի,
Քեզ կոչ է ուղղել ձայնս սուրբ ազգի,
Եղիր միշտ արթուն, հողիդ պահապան,
Որ խաղաղ ապրի աշխարհ Հայաստան:
Երգիչ Ավո Ադամյանը բանակի օրվա առթիվ բարեմաղթանքը սկսեց իր նոր երգի տողերով: Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում երգիչը նշեց, որ հպարտ է իր զինվոր եղբայրներով և երախտապարտ նրանց: «Թող յուրաքանչյուր վայրկյան Աստծո օրհնությունը մեր զինվորների հետ լինի: Չնայած եղանակային վատ պայմաններին, հունվարի 28-ը թող ջերմացնի սահմանի մեր զինվորների սրտերը և թող նրանք իմանան, որ ողջ ազգը միշտ նրանց կողքին է: Հպարտ եմ նրանցով և Արցախյան պատերազմը հաղթած բոլոր հրամանատարներով, ազատամարտիկներով: Փա՛ռք մեր Սպարապետին ու այն տղաներին, ովքեր զոհվեցին հենց այսօրվա մեր օրվա համար: Խոնարհումս՝ «Եռաբլուր»-ում հանգրվանած տղաներին»,-ասաց նա:
Երգիչը հատուկ շնորհավորական խոսք հղեց իր հրամանատար Ռոմիկ Մարգարյանին, ով մինչև այժմ օրինակ է Ավո Ադամյանի համար:«Երբ սահմանին կանգած, թուրքերը սպիտակ դրոշ էին պարզել և իրենց գործողոությունները թաքնվելով էին իրականացնում, իմ հրամանատարը բլուրի վրա, անշարժ, արծվի նման թևերը պարզած հետևում էր այդ ամենին»,-նշեց երգիչը:
Ավոյի խոսքով՝ այժմյան սերունդն իսկական տղամարդու նման է մեծանում: Երգիչը հպարտությամբ նշեց, որ 2 որդի ունի, 2 ապագա զինվոր, ովքեր գիտեն, որ հայրենիքը պետք է սիրել ու պաշտպանել, ովքեր արդեն գիտեն, որ վաղվա ապագան իրենց ձեռքերում է:
«Հպարտ եմ, որ վաղվա բանակին 2 զինվոր եմ տալու»,-ասաց Ավո Ադամյանը: