Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր. հայտնիների մաղթանքներն ու շնորհավորական խոսքը՝ մեր զինվորներին
Խաղաղություն, առողջություն, փառք ու պատիվ. ահա թե ՀՀ ԶՈւ-ի 24-րդ տարեդարձի առթիվ, Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում, ինչ մաղթանքներ հղեցին հայ հայտնիները՝ Հայոց բանակին ու նրա զինվորներին:
Գրիշա Աղախանյան- Անկախությունից ծնվեց Հայոց բանակն ու հետո ուժեղացավ: Այսօր նա անպարտ է: Անպարտ է, քանի որ զինվոր ունենք, աշխարհը չունի: Շնորհավո՛ր տոնդ զինվոր, շնորհավո՛ր տոնդ 24-ամյա Հայոց բանակ:
Գոռ Վարդանյան-Պետության համար պետականության ամրության կարևոր փաստը բանակի հզորությունն է: Մենք պարտավոր ենք ունենալ հզոր բանակ, որով էլ պայմանավորված կլինի մեր երկրի կայունությունն ու դերի կշիռն աշխարհում և պետք է ըմբռնենք կայուն բանակի անհրաժեշտության փաստն այսօրվա իրականության մեջ:
Շնորհավորում եմ ձեր տոնը, հա՛յ զինվորներ, ցանկանում եմ՝ քաջ առողջություն, վստահություն սեփական ուժի նկատմամբ և նորանոր հաղթանակներ: Մենք Ձեր կողքին ենք: Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ:
Խաչիկ Եղոյան-Ցանկանում եմ, որ սահմաններում միայն խաղաղություն, անդորր լինի: Երանի մի օր աշխարհի բոլոր բանակները վերանան որպես կառույց, իսկ զինվորականները ծառայեն իրենց հայրենիքին հայրենանվեր գործերով՝ ի շահ մարդկության, և ի փառս Աստծո:
Սամվել Գրիգորյան- Մենք հպարտ ենք, որ ունենք կայացած բանակ: Կայացած, քանի որ կարողանում ենք ապացուցել աշխարհին, որ մեր սահմանները պինդ են, ամուր: Շնորհավորում եմ սպայական կազմին, զինվորներին: Մեր զինվորներն այսօր հսկում են սահմանն ու չեն թողնում, որ չար ուժը ներխուժի մեր երկիր: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, սեր: Թող զինվորներն անփորձանք ավարտեն իրենց ծառայությունն ու Աստծո հրամանով վերադառնան իրենց մայրիկների գիրկը: Աստված պահապան լինի Քեզ, հա՛յ զինվոր:
Էրիկ Անթառանյան-Թող խաղաղություն լինի, և ոչ մի զինվորի կյանք այլևս մենք չկորցնենք: Փա՛ռք մեր զինվորներին:
Արայիկ Համբարձույման- Նախ, շնորհակալ եմ այն նվիրյալներին, ազատամարտիկներին, այն նահատակներին, ում արյան գնով ստեղծվեց Հայոց բանակը: Բանակը երկրի ողնաշարն է: Շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ մեր երկրում իշխի խաղաղությունը, զինվորը խաղաղ պայմաններում անցկացնի իր ծառայությունը: Թող հայ սպաների նվիրյալ և օրինակելի ծառայության շնորհիվ ամրանդվեն մեր բանակի հիմքերը: Փա՛ռք ու պատիվ՝ Հայոց բանակին: