Ահաբեկչությունն ինձ ստիպեց ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը. իսպանացի լրագրող (լուսանկարներ)
Խոսե Անտոնիո Գուրիարանը իսպանացի հայտնի լրագրող է, ով հարցազրույցներ է անցկացրել Սալվադոր Դալիի, Ժաքլին Քենեդիի և այլ բազմաթիվ այլ հայտնի մարդկանց հետ, սակայն նա կարծում է, որ գաղափարապես հասունացել է միայն 1980-ական թվականներին, երբ ահաբեկչությունը ստիպել է նրան ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Sputnikarmenia.ru-ն:
Ահաբեկչական պայթյունի հետևանքով լրագրողը կորցրեց իր ոտքը: «Անցա ամենադաժան և միաժամանակ ամենահետաքրքիր իրավիճակի միջով, քանի որ շատ մոտ տարածությունից զգացի մահվան սառնությունը»,- նշում է լրագրողը:
Պայթյունը կազմակեպել էր «ԱՍԱԼԱ»-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը: Այդ ժամանակ հայտնի լրագրողը չգիտեր ո՛չ այդ կազմակերպության, ո՛չ էլ ընդհանրապես հայերի մասին: Դեպքից հետո նա սկսեց հետաքրքրվել հայերով, իսկ մի քանի տարի անց Լիբանանում հանդիպեց կազմակերպության անդամների հետ:
Արդեն 30 տարի անց Խոսե Անտոնիո Գուրիարանն սկսում է ուսումնասիրել Եղեռնը: Նա քննադատում է երիտթուրքերի կատարածը և Թուրքիային հորդորում ճանաչել Ցեղասպանությունը: Իսպանացի լրագրողը դարձավ հայ ազգի մեծ ընկերը: Նա Իսպանիայում ևս հանդես է եկել Ցեղասպանության ճանաչման հարցով:
Հայաստանն ու հայերը դիպել են լրագրողի սրտին ու հոգուն: Նա հայերին համարում է կիրթ, աշխատասեր և հարուստ մշակույթ ունեցող ազգ: Հայերի Ցեղասպանության մասին լրագրողը երկու գիրք է գրել: «Հայեր. մոռացված ցեղասպանություն» վերնագրով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվել՝ «Մի խելագարի պատմություն» անունով, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: