Թուրք լրագրողն ազատազրկվել է վարչապետ Դավութօղլուին վիրավորելու համար
Թուրքական «Today's Zaman» ընդդիմադիր թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենտ Քենեշը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին վիրավորելու համար Անկարայի դատարանի կողմից դատապարտվել է 14-ամսյա պայմանական ազատազրկման: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն:
Ավելի վաղ լրագրողը թուրքական կառավարության ճնշման և իր դեմ դատական գործերի պատճառով հայտնել էր իր հրաժարականի մասին:
Դատարանի կարծիքով՝ Քենեշը թվիթթերյան իր էջում վիրավորական արտահայտություններ է գրել վարչապետի մասին: Դատարանը չի ընդունել նրա փաստաբանի այն դիտարկումները, որ սոցիալական կայքերում արված գրառումները պետք է դիտել որպես մամուլի և խոսքի ազատության դրսևորում:
Ավելի վաղ նույն լրագրողին մեղադրել էին նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ: Նա նախորդ տարվա հոկտեմբերին ձերբակալվեր էր, այնուհետև ազատ արձակվել, սակայն քննությունը դեռևս շարունակվում է: