Զլատան Իբրահիմովիչը` «Եվրատեսիլում»
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հայտնի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արդեն տվել է իր համաձայնությունը մասնակցել եվրապական երգի «Եվրատեսիլ-2013» մրցույթին, որն այս տարի կկայանա Իբրահիմովիչի հայրենի Մալմո քաղաքում:
Զլատանն աստղային հյուրերի կազմում կմասնակցի մրցույթի եզրափակչի բացման արարողության նկարահանումներին: Կազմակերպիչների հաշվարկը եղել է շատ պարզ. Իբրան ծնվել է Մալմոյում, որտեղ և անցկացվելու է մրցույթը: Հենց այդ պատճառով էլ ֆուտբոլիստը հաճույքով կօգտագործի իրեն տրված հնարավորությունը և կարձագանքի նկարահանումներին մասնակցելու հրավերին:
Ու իսկապես, ֆուտբոլիստը տվել է իր համաձայնությունը: Սակայն, շուտով փոքրիկ անհամատեղելի իրավիճակ է ստեղծվել: Մրցույթն անց է կացվելու մայիսի 14-ին, 16-ին և 18-ին: Բայց «ՊՍԺ»-ի ժամանակացույցը, թույլ չի տա ֆուտբոլիստին անմիջական մասնակցություն ունենալ մրցույթին ուղիղ եթերում: Ֆուտբոլային աստղի մասնակցությամբ կադրերը պետք է նախապես նկարահանել: Իսկ թե ստույգ ի՞նչ դեր է նախատեսվել ֆուտբոլիստի համար, առայժմ չի հաղորդվում: