Հայերը մեր հողի աղն են և երբեք չեն լքի այն. Պաղեստինի նախագահ
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հունվարի 18-ին մասնակցել է հին հայկական տոմարով Քրիստոսի Սուրբ ծննդի տոնին: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «Massis Post»-ին:
Ինչպես հայտնում է «WAFA» գործակալությանը, Բեթղեհեմի Քրիստոսի Ծննդյան բազիլիկում տեղի ունեցող արարողության ընթացքում Աբասը, մասնավորապես, նշել է, որ Պաղեստինի հայերը և քրիստոնյաներն «իրենց հողի աղն են և երբեք չեն լքի այն»:
Նրանց մասին, ովքեր փորձում են ազատվել քրիստոնյաներից, այդ թվում՝ հայերից, Աբասն ասել է. «Հայերը միշտ ապրելու են և՛ Երուսաղեմում, և՛ Ռամալլայում, և՛ Բեթղեհեմում: Իսկ ովքեր ցանկանում են, որ հայերը հեռանան այստեղից, թող իրենք հեռանան»:
Աբասը պաղեստինցիների վատթար վիճակը համեմատել է հայոց ազգի այն կարգավիճակի հետ, որի մեջ հայտնվել են հայերը Ցեղասպանությունից հետո:
Պաղեստինի նախագահը նաև հայտնել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Պաղեստին, և հույս ունի, որ նա կընդունի իր հրավերը: