Այսօր դերասան Դմիտրի Խառատյանի ծննդյան օրն է
Դմիտրի Վադիմովիչ Խառատյան (ծնվ. 21 հունվարի 1960 թ., Ալմալիկ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական և ռուս դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ (2000), Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2008)։
Դմիտրի Խառատյանը ծնվել է 21 հունվարի 1960 ԽՍՀՄ Ուզբեկական ԽՍՀ Ալմալիկ քաղաքում։ Որդու ծնվելուց երեք տարի անց Խառատյանների ընտանիքը տեղափոխվեց Մոսկվայի մարզ Մերձմոսկովյան շրջան։ Ավագ դասարաններում Դմիտրի Խառատյանը զբաղվում էր սպորտով, երաժշտությամբ, կիթառ էր նվագում, ղեկավարում էր «Արգոնավորդներ» դպրոցական անսամբլը։
Առաջին անձնագիրը ստանալու ժամանակ Դմիտրի Խառատյանը պնդեց, որ «ազգություն» սյունակում նշված լինի «հայ», չնայած այն բանի, որ նա միայն մեկ քառորդով հայ է:։
Կինոյում Խառատյանը դեբյուտել է Վլադիմիր Մենշովի «Խաղարկություն» կինոնկարում։ Նա պատահական էր հայտնվել Մոսֆիլմում կայացող կաստինգին, որտեղ նրան հրավիրել էր մի ծանոթ աղջիկ, և Իգոր Գրուշկոյի գլխավոր դերի բոլոր թեկնածուներից ռեժիսորը ընտրեց հենց Խառատյանին։
1977 թ. էկրաններ դուրս եկած ֆիլմը շատ ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից, Ալեքսանդր Ֆլյարկովսկու երգը «Երբ կհեռանանկ դպրոցական բակից» լայն ժողովրդականություն վայելեց, իսկ Դմիտրի Խառատյանը մեծ ճանաչվածություն ձեռք բերեց ԽՍՀՄում։
Դպրոցը ավարտելուց հետո Խառատյանը մեկնեց երկրագիտական արշավի, և միայն 1978 թ. ընդունվեց է Մոսկվայի Մ.Ս. Շեպկինի անվան Բարձրագույն թատերական ուսումնարան։ Ավարտելով այն 1982 թ-ին՝ Խառատյանը շարունակեց նկարահանվել կինոյում։
1983 թ-ին էկրաններ դուրս եկավ «Կանաչ ֆուրգոն» ֆիլմը (1983), գլխավոր դերերում՝ Դմիտրի Խառատյանը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ Ֆիլմում Դմիտրիի խաղընկերներն էրն խորհրդային կինեմատոգրաֆի աստղեր Ալեքսանդր Դեմյանենկոն, Բորիսլավ Բրոնդուկովը, Ալեքսանդր Սոլովյովը, Էդուարդ Մարցևիչը և այլք։ Դմիտրի Խառատյանը կատարեց նաև ֆիլմի երգերը, որոնք հետագայում իսկական հիթեր դարձան։