Իրանը պատրաստ է Եվրոպային 1 բարելի համար մոտ 7 դոլար զեղչով նավթ տրամադրել
Իրանը մտադիր է եվրոպական նավթի շուկայում Սաուդյան Արաբիայի դիրքերը խարխլել։ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է իր նավթը մատակարարել եվրոպական գնորդներին 1 բարելի համար 6.55 դոլար զեղչով այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան այժմ Եվրոպային նավթ է մատակարարում 1 բարելի համար 4.85 դոլար զեղչով։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը՝ հղում անելով Իրանի ամենախոշոր նավթարդյունահանող ընկերության՝ «Ազգային իրանական նավթային ընկերության» տվյալներին։
Եվրոպական շուկայում Սաուդյան Արաբիայի և Իրանի մրցակցությունը այս տարածաշրջանում նավթի գինը վերջին 7 տարիներին իջեցրել է նվազագույնի։
Դրա հետ մեկտեղ գործակալության փորձագետները վստահ են, որ եթե նավթի գները ավելի բարձր լինեին, ապա իրանական նավթի զեղչերը ավելի բարձր կլինեին։ Նրանք նաև նշում են, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև նման մրցակցային ռազմավարությունը փաստացիորեն խաչ է քաշում ՕՊԵԿ-ի անդամ պետությունների պայմանավորվածությունների վրա։