Իրինա Ալեգրովան այսօր դարձավ 63 տարեկան
Իրինա Ալեգրովան ծնվել է 1952 թվականի հունվարի 20-ին, Դոնի Ռոստով քաղաքում` թատերական ռեժիսոր, դերասան և Ադրբեջանական ԽՍՀ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ ազգությամբ հայ Ալեքսանդր Գրիգորի Ալեգրովի ընտանիքում (1915-1994): Վերջինս երիտասարդ տարիներին փոխել էր ազգանունը՝ Սարկիսովից դարձնելով Ալլեգրով (Ալլեգրով մականունը կապված էր իտալերեն allegro բառից, թարգմանաբար՝ աշխույժ, ուրախ): Մայրը՝ Սերաֆիմա Միխայիլի Սոսնովսկայան (1923-2012), օպերային դերասանուհի էր։ Կա տեսակետ, որ երգչուհու ազգանունը նույնպես եղել է Ալլեգրովա։
Կյանքի առաջին տարիները ապագա երգչուհին անցկացրել է Ռոստովում։ 1961 թվականին ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Ծնողներն աշխատանքի են անցնում Բաքվի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Իրենց հյուրընկալում էին Մստիսլավ Ռոստրոպիչը, Գալինա Վիշնյովսկայան, Արամ Խաչատրյանը, Մուսլիմ Մագոմաևը, Տատյանա Շմիգան և ուրիշներ։ Այդ ժամանակ Իրինան յոթ տարեկան էր. նա ավարտել էր հանրակրթական դպրոցի երկրորդ և երաժշտական դպրոցի առաջին դասարանները։ Երաժշտական դպրոց էր ընդունվել՝ ընդունելության քննությանը նվագելով Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից մեկը։ Նա անմիջապես ընդունվում է Բաքվի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի երրորդ դասարան՝ դաշնակահարի մասնագիտությամբ (դաշնակահար-կոնցեյտմեստեր)։ Ավարտական քննությանը Ալլեգրովան նվագել է Սերգեյ Ռախմանինով «Երկրորդ համերգը»։
Երաժշտական դպրոցին զուգահեռ նա հաճախում էր բալետի խմբակ։ Մանկության տարիներին մասնակցում է Բաքվում տեղի ունեցած Անդրկովկասի ջազային փառատոնին՝ սկսելով երգչուհու իր կարիերան։
1969 թվականին Իրինա Ալլեգրովան ավարտում է դպրոցը, սակայն առողջական պատճառով բաց է թողնում Բաքվի երաժշտական ակադեմիայի ընդունելության քննությունները։ Էստրադային ձայնային տվյալների համար Իրինային հրավիրում են ձայնավորելու հնդկական ֆիլմեր։ Նույն թվականին նա մեկնում է Ռաշիդ Բեյբութովի թատրոնի հետ հյուրախաղերի։ 1970 թվականին աշխատանքի է անցնում Երևանի նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարության ներքո։
1971 թվականին Իրինա Ալլեգրովան առաջին անգամ ամուսնանում է. սակայն հաջորդ տարի՝ դստեր՝ Լալայի ծնունդից հետո բաժանվում է։