«Մի' նայիր». Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ ունի (լուսանկարներ)
Տեսախցիկներ, լույսեր, երգիչ, երաժշտություն, հերոսուհի… Միհրան Ծառուկյանը դարձյալ նկարահանման հրապարակում է եղել: Նրա նոր տեսահոլովակը նկարահանվել է «Մի′ նայիր» երգի հիման վրա:
«Երգի պրեմիերան կանենք հենց տեսահոլովակի տեսքով: Հուսով եմ' անակնկալս դուր կգա հանդիսատեսին ու իմ երկրպագուներին»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Միհրան Ծառուկյանը' տեղեկացնելով, որ աշխատել է ռեժիսոր Արտյոմ Աբովյանի եւ ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:
Խոսելով երգի եւ տեսահոլովակի սյուժեի մասին' երգիչը շեշտել է, որ իր մարմնավորած հերոսը, նրա ապրումներն ու երգի բառերը բոլորովին կապ չունեն իր հետ եւ չեն արտացոլում իր հոգեվիճակը:
«Աղջիկը, կորցնելով սիրած տղային, որոշ ժամանակ անց զղջում է, ուզում հետ վերադարձնել, բայց արդեն ուշ է լինում… Տեսահոլովակն ավելի շատ իրավիճակային է եւ ներկայացնում է սիրելիին կորցնելուց հետո մարդկանց ծանր ապրումներն ու հոգեվիճակը»,-պատմել է Միհրան Ծառուկյանը:
«Մի′ նայիր»-ի հերոսուհուն մարմնավորում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Աննա Դավթյանը, որն առաջին անգամ է նկարահանվում տեսահոլովակում.«Բավական հետաքրքիր է. որպես դերասանուհի' պետք է մի քանի րոպեում ավելի խոր ու խտացված ներկայացնես ապրումներդ, հոգեվիճակդ»:
Նաեւ սերիալներում հանդես եկող Աննան մեզ հետ զրույցում նշել է, որ մինչ այս հրաժարվել է տեսահոլովակներում նկարահանվել. «Ցանկանում էի անպայման որպես դերասանուհի հանդես գալ, այլ ոչ թե գեղեցիկ արտաքինով մեկը, որին «օգտագործում» են տեսարաններ ստանալու համար»: