ԱՄՆ-ը և ԵՄ-ը հանել են Իրանի նկատմամբ սանկցիաները
ԱՄՆ-ը և ԵՄ-ը հանել են Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաները այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ զեկույցը, որտեղ նշած է, որ Իրանը կատարել է միջուկային պայմանագրի բոլոր պահանջները։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ խոսքը միայն այն սանկցիաների մասին է, որոնք ԱՄՆ-ը դրել էր Իրանի միջուկային ծրագրի շրջանակներում։
Իրանի հանդեպ կիրառվող ԵՄ-ի սանկցիաները կհանվեն այն ժամանակ, երբ պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի ԵՄ-ի պաշտոնական ամսագրում։
ԵՄ-ի արտաքին և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է, որ կհանվեն թե ԵՄ-ի, թե դրա անդամ-պետությունների կողմից առանձին-առանձին մտցված սանկցիաները։
«Քանի որ Իրանը կատարել է իր պարտավորությունները, այսօր հանվում են միջազգային և ազգային տնտեսական և ֆինանսական սանկցիաները, որոնք կապված են Թեհրանի միջուկային ծրագրի հետ»,- հայտարարել է Մոգերինին։
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը ընդգծել է, որ «վեցնյակի» հետ միջազգային բանակցությունների արդյունքում համաձայնեցված համատեղ գործողությունների պլանի կատարման ընթացքում բոլոր կողմերը ձգտել են կատարել իրանց վրա դրված պարտավորությունները։
«Այսօր մենք կատարել են համատեղ գործողությունների պլանը։ Դրա ընդունման առաջին իսկ օրից մենք ջանասիրաբար աշխատել ենք և ցույց տվել, որ ձգտում ենք կատարել փոխադարձ պարտավորությունները։ Այսօր՝ մոտ վեց ամսի անց, ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց, որ Իրանը կատարել է իր առջև դրված պարտավորությունները»,- հայտարարել է Մոհամադ Ջավադ Զարիֆը։