Երկրում ջիպերի տեղատարափ է, բայց ազգային մշակույթի համար ամեն ինչ չքանում է. Գագիկ Գինոսյան
Այսօր պարի միջազգային օրն է, և այդ թեմային լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Կարին» ազգային երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Պարի միջազգային օրվա կապակցությամբ Գագիկ Գինոսյանն ասաց, որ ժամանակի փոփոխության հետ մոտեցումները ևս փոփոխվում են, և մարդիկ նախապատվությունը տալիս են միջազգային պարերին, սակայն ազգայինը մոռանալ չի կարելի: Նա նաև ավելացրեց, որ յուրաքանչյուր մշակույթ, լինի ազգային, թե ոչ, պետք է ունենա իր ազգային դիմագիծը:
Նրա խոսքով՝ Հայաստանից դուրս ազգային պարի նկատմամբ ուշադրությունն ավելի շատ է, քան այստեղ և այսօր ազգային պարը պրոպագանդման կարիք ունի: Գինոսյանը տեղեկացրեց, որ «Կարին» ազգային երգի-պարի անսամբլը տարածում է ազգային երգն ու պարը, սակայն մեկ անսաբլը շատ քիչ է, այդ պրոպագանդումն ավելի ընդգրկուն պետք է լինի:
Բանախոսը մեջբերեց Նժդեհի խոսքերը. «Պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը»,- և ավելացրեց, որ նրա գաղափարախոսությամբ առաջնորդվում են քաղաքական դեմքեր, բայց հաշվի չեն առնում, որ պարը մատնված է «անտերության»:
Անդրադառնալով հեռուստատեսային նախագծերին, Գագիկ Գինոսյանն ասաց, որ կան նախագծեր, որոնք հակառակ քարոզչությունն են անում, իսկ բուն ազգային երգ ու պարին վերաբերող նախագիծ չկա: Ինչ վերաբերում է ցուցադրվող ժողովրդական պարերին, Գինոսյանը բացատրեց, որ այդ պարերը խորհրդային ծագումնաբանություն ունեն, իսկ ավանդականն այն պարն է, որ պարել է ժողովուրդը գյուղում:
Գագիկ Գինոսյանը տեղեկացրեց, որ Մշակույթի նախարարություն ներկայացրել է նախագիծ երգ ու պարին վերաբերող, Մշակույթի նախարարությունը մերժել է` ասելով, որ մեծ ծախսերի հետ է կապված, Պաշտպանության նախարարությունն էլ հավանություն տվել, սակայն ոչ ոք ֆինանսներ չի տրամադրել` պատճառաբանելով թե չկա: Նույնն արել են նաև հեռուստատեսությունները, ինչի վերաբերյալ Գինոսյանն ասաց. «Երկրում ջիփերի տեղատարափ է, բայց ազգային մշակույթի համար ամեն ինչ չքանում է»: