Մարդիկ նախընտրում են մեկ բիզնես ունենալ, քան տասը գիտության թեկնածու
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց մտավորականության դերի նվազման մասին:
Նրա խոսքով՝ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, ըստ որի՝ գիտության ոլորտում աշխատողի վարկն ընկած է:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն անկախությունը կարևորում է, սակայն նրա կարծիքով՝ այդ ժամանակահատվածը դժվարություններ բերեց հատկապես գիտության ոլորտին: Բանախոսն ասաց, որ նախկինում գիտությունը հովանավորվում էր այնպիսի մի պետության կողմից ինչպիսին Սովետական միությունն էր, որն ուներ բոլոր հնարավորությունները գիտությունը զարգացնելու համար: Իսկ երբ Հայաստանն անկախացավ, միանգամից դժվարություններ ստեղծվեցին:
Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ նախկինում, երբ որևէ մեկը գիտության թեկնածու էր դառնում, նրանով պարծենում էին բոլորը, իսկ հիմա մարդիկ նախընտրում են մեկ բիզնես ունենալ, քան 10 գիտության թեկնածու: Գիտության ոլորտում աշխատողներն էլ արտագաղթում են երկրներից, բայց ոչ այնքան, որքան անկախության սկզբում:
Նա տեղեկացրեց, որ ԳԱԱ-ում միջին աշխատավարձը պետական բյուջեից 80000 դրամ է կազմում, իսկ արտաբյուջեից գումարված գումարի հետ կազմում է 100 000: