Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերը նոր թափ են ստանում. կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Ադրբեջանի մի շարք քաղաքների բնակիչները ցույցեր են անցկացնում պարենային ապրանքների գների բարձրացման և անգործության դեմ: Ցուցարարները պահանջում են նաև բարձրացնել աշխատավարձերը: Այս մասին հայտնում է Currenttime.tv-ն:
Սիազան քաղաքում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել: Ոստիկանները սկսել են նաև ձերբակալել ակցիայի մասնակիցներին, սակայն երեկ ոստիկանական բաժանմունքների դիմաց հարյուրավոր մարդիկ են հավաքվել, ովքեր պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին:
«Մենք կրակոցների ձայներ ենք լսել: Կրակոցներ հնչել են դպրոցի մոտակայքում: Երեխաները վախեցած տուն են վերադառնում»,- հայտնել են ականատեսները:
Արցունքաբեր գազից թունավորվել է 13-ամյա մի դպրոցական, ով հոսպիտալացվել է: