Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է երկրում գնաճի դեմ բողոքի ցույցը՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ
Ադրբեջանի Սիյազան քաղաքում գնաճի դեմ կազմակերպված բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախման։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ըստ «Turan» տեղեկատվական գործակալության, երեքշաբթի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ցույցերի մի շարք մասնակիցների, որից հետո հարյուրավոր մարդիկ հաջորդ օրը վաղ առավոտյան բողոքի ցույցերի են դուրս եկել՝ պահանջելով ազատ արձակել նախօրեին ձերբակալված բոլոր ցուցարարներին։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Դեպի քաղաք են ուղղվել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հատուկ զորքերը։ Ըստ գործակալության աղբյուրի, ցույցը ցրվել է, քանի որ համաձայնեցված չի եղել քաղաքային իշխանությունների հետ։
Գնաճը դադարեցնելու պահանջով նման ցույցեր են տեղի ունեցել նաև Ադրբեջանի այլ շրջաններում՝ Լենքորանում, Ֆիզուլիում և Աղջաբեդիում: